
Ըստ Դանիել Ռիթների, Բրազիլիա
«Կորպորասիոն Ամերիկա» ընկերության տնօրեն Էդուարդո Էռնեկյանը բրազիլացի գործընկեր է փնտրում, որը կարող է լինել կառավարման կամ շինարարական ընկերություն:
Բազմատեսակ ձեռնարկությունների տեր, ինչպես նաև միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի՝ Անդերը հատող 52 կմ երկարություն ունեցող թունելի նախագիծը անհավանական է թվում, քանի որ Արգենտինայում խիստ անկայուն վիճակ է: «Կորպորասիոն Ամերիկան», որը երկրի ամենամեծ կոնգլոմերատ ընկերություններից մեկն է այնպիսի տարաբնույթ ոլորտների ներդրման շնորհիվ, ինչպիսիք են, օրինակ, օդանավակայանները և կիսահաղորդիչների արտադրությունը, այժմ որոշել է իրականություն դարձնել «Բիոսեանիկո Ակոնկագուա» միջանցքի ծրագիրը՝ մարտահրավեր նետելով Անդյան բարձրություններին և ֆինանսական շուկայի ալեկոծությանը:
Էռնեկյան ընտանիքի կողմից կառավարվող ընկերությունն այս տարի փորձում է իրականացնել Արգենտինա և Չիլի երթուղային կառույցի ծրագիրը՝ նպատակն իրագործելու համար փնտրելով բրազիլացի գործընկեր: «Ֆորբս» ամսագիրը տեղեկացնում է, որ Էդուարդո Էռնեկյանի զարմիկ, «Կորպորասիոն Ամերիկայի» տնօրեն և հիմնական բաժնետեր, ինչպես նաև Արգենտինայում չորրորդ ամենահարուստ մարդը համարվող Մարտին Էռնեկյանն ասել է, որ ընկերությունը կարող է լինել կառավարման կամ շինարարական: Ըստ Մարտին Էռնեկյանի՝ արդեն սկսել են քննարկումները որոշ կապալառուների, հիմնականում «Կամարգո Կոռեայի» և «Ամերիկա Լատինա Լոգիստիկայի» (ALL) հետ: Սակայն նա դեռևս ընդունում է բանակցությունների առաջարկությունները, քանի որ ցանկանում է ծրագրում ներառել նաև բրազիլական ընկերություն:
Ծրագիրն առաջին փուլի համար նախատեսում է 3.5 միլիարդ ԱՄՆ դոլարի բյուջե: Այն հայտնի է որպես «Բիոսեանիկո Ակոնկագուա» միջանցք, որը կապահովի առանց խոչընդոտի անցումը Անդյան լեռներով ամբողջ տարվա ընթացքում: Այսօր բեռնափոխադրող տրանսպորտն անցնում է միակ՝ Կրիստո Ռեդենտոր ճանապարհով: Սակայն եղանակային պայմանների առումով այն հուսալի ճանապարհ չէ, քանի որ տարվա ընթացքում ուժեղ ձյան պատճառով մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում 60 օրով փակ է լինում:
Երբ չկա եղանակի հետ կապված արգելք, անցումը սարերի միջով պահանջում է մոտ 12 ժամ, իսկ երկողմանի բեռնափոխադրումը տարեկան կազմում է 5 մլն տոննա բեռ: «Բիոսեանիկո Ակոնկագուա» նախագիծը նախատեսում է 205 կմ երկարությամբ երկաթգիծ՝ ապահովելով երկաթուղային կապ Չիլիի Լոս Անդես և Արգենտինայի Լուխան դե Կուշո քաղաքների միջև: Ըստ նախագծի՝ երկաթուղին ցածր բարձրություններում կխուսափի զառիթափ լանջերից և թույլ կտա զարգացնել ժամում 80 կմ արագություն՝ ընդամենը չորս ժամում անցնելով ամբողջ լեռնաշղթան, և կգործի տարվա բոլոր 365 օրերին: Դրա համար անհրաժեշտ է կառուցել 52 կմ երկարություն ունեցող թունել:
Նախաձեռնությունը կիրականացվի երեք փուլով. 2025թ. սկսած Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների նավահանգիստները կմիանան իրար: 2015թ. կսկսվեն առաջին փուլի շինարարական աշխատանքները: Այն կտևի մոտ տասը տարի, և մոտավոր հաշվարկներով տրանսպորտային առավելագույն հզորությունը կկազմի տարեկան 24 մլն տոննա: Հետագայի համար նախատեսվում է երկողմանի մի թունել: Ապագայում բեռնափոխադրման հզորությունը կարող է հասնել տարեկան 77 մլն տոննայի: Տեխնիկական իրագործելիության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բեռնափոխադրման այդ ծավալին կարելի է հասնել մինչև 2040թ.:
«Կորպորասիոն Ամերիկայի» կողմից կառավարվող կոնսորցիումը ավարտել է իրագործելիության և ինժեներական բոլոր ուսումնասիրությունները: Աշխատանքի զարգացման համար ներդրվել է մոտ 25 մլն ԱՄՆ դոլար: Կոնսորցիումի անդամներն են՝ չիլիական «Նավիերաս» ընկերությունը, ճապոնական «Միցուբիշի» ընկերությունը, Իտալիայի «Ջեոդատա» և Արգենտինայի «Կոնտրերաս Էրմանոս» ընկերությունները: Կոնսորցիումի անդամների բաժնեմասերի չափը գաղտնի է պահվում:
Ըստ Էռնեկյանի՝ հարավային շրջանի բեռները Բրազիլիայից դեպի Ասիա կամ Միացյալ Նահանգների արևմտյան ափ արտահանելու համար, կարող են օգտագործել նոր միջանցքը՝ անցնելով Արգենտինայի և Չիլիի երկաթուղով և հասնելով մինչև Խաղաղ օվկիանոսի նավահանգիստ:
Գործարարի կարծիքով, բրազիլացի արտահանողները այդ ճանապարհի միջոցով կնվազեցնեն գործողությունների ժամանակը և ծախսերը, քանի որ այսօր բեռնափոխադրման մեծ մասը կատարվում է ծովային ճանապարհով՝ կամ Մագելանի նեղուցի միջոցով, որը շատ թանկ է, կամ Պանամա ջրանցքի միջոցով, որն էլ հագեցած է:
«Կորպորասիոն Ամերիկայի» նպատակներից մեկն է փնտրել բրազիլացի գործընկեր՝ ներգրավելով բրազիլական կառավարությանը «Բիոսեանիկո Ակոնկագուա» ծրագրում: Պոտենցիալ առավելություն կարող է դիտվել շինարարական ընկերության տեղական լինելու հանգամանքը. այս դեպքում «ԲՆԴԵՍ» բրազիլական ընկերությունը կֆինանսավորի Բրազիլիայից ապրանքների արտահանման և շինարարական աշխատանքների ծախսերը:
Ողջունելի կլինի բրազիլացի ներդրողի մուտքը նախագիծ, նույնիսկ այն դեպքում, եթե չի եղել բանակցություններ ղեկավարողի և կապալառուների միջև: Օրինակ՝ «ALL»-ի հետ բանակցությունները դժվար թե շարունակելի լինեն, քանի որ ընկերությունը Արգենտինայի ինքնակառավարման հետ կոնցեսիոն պայմանագրեր է ունեցել: Մինչդեռ Բրազիլիայում ընկերությունը ճնշման է ենթարկվում կառավարության կողմից նահանգներից մեկում ավելի մեծ ներդրումներ կատարելու համար, ինչը սահմանափակում է Հարավային Ամերիկայում գործունեության հնարավորությունները:
Նախագծի ճգնաժամային կետերից մեկը ֆինանսավորումն է՝ հաշվի առնելով Արգենտինայի մակրոտնտեսական իրավիճակը: Ձեռնարկի մանրամասները ներկայացվել է տարբեր ֆինանսական հաստատությունների: 2009թ. Արգենտինան և Չիլին ստորագրել են «Ֆիզիկական ինտեգրման և տնտեսական փոխլրացման» պայմանագիր՝ կազմելով երկազգ միություն, որը պատասխանատու կլինի «Բիոսեանիկո Ակոնկագուա» միջանցքի հայտամրցույթի համար:
2011թ. հուլիս ամսին մասնավոր կոնսորցիումի կողմից իրագործելիության ուսումնասիրությունները ներկայացվել են այդ միությանը: Էռնեկյանը ակնկալում է, որ հայտամրցույթը պատրաստ կլինի այս տարվա ընթացքում: «Կորպորասիոն Ամերիկայի» կողմից գլխավորվող կոնսորցիումը կմասնակցի մրցույթին: Արգենտինացի գործադիրը համոզված է, որ իրենք առավելություն ունեն, քանի որ տեղյակ են ծրագրի մանրամասներից: Եթե նույնիսկ հայտամրցույթում չհաղթեն, կատարված ուսումնասիրությունների համար ծախսված գումարը լիովին կփոխհատուցվի Բրազիլիայում հիդրոէլեկտրոկայանի հայտամրցույթի օրինակով:
Աղբյուրը՝ «Վալոր Էկոնոմիկո»
Բիզնես գործունեություն
Մեկնաբանել
Ընթերցել ամբողջական գրությունը