
Եթե Էդուարդո Էռնեկյանը սովորական մարդ լիներ, արդեն ավելի քան մեկ ու կես տասնամյակ առաջ պետք է թոշակի անցած լիներ: Սակայն 81-ամյա Էռնեկյանն այսօր շատ ավելի է ծանրաբեռնված աշխատանքով, քան երբևէ: Միևնույն ժամանակ Էռնեկյանն արագաշարժ է, նաև՝ սրամիտ, գիտի՝ երբ խոսել և երբ լռել. հասկանալի է, որ հեշտ չէ լինել պետության գործընկերը:
«Կորպորասիոն Ամերիկայի» տնօրենը խոստովանում է, որ հետևողական լինելը իր ոճին հավատարիմ մնալու բանաձևն է. արթնանում և քնում է վաղ, ամեն առավոտ 60-90 րոպե լողում է, երեկոյան զբաղվում է յոգայով, իսկ առիթի դեպքում սիրում է օրն ավարտել Օլիվոսում գտնվող իր առանձնատանը, շրջապատված հյուրերով, որոնք ավելի բազմազան են, քան Միրտա Լեգրանդի հյուրերը:
Ժամանակի մնացած մասը Էռնեկյանը տրամադրում է իր բազմաճյուղ ընկերության տնօրենների և տարբեր ոլորտի աշխատակիցների հետ անվերջանալի հանդիպումներին: Ըստ «Ֆորբես» ամսագրի՝ նա Արգենտինայում երկրորդ մեծահարուստ մարդն է (1.9 միլիարդ ԱՄՆ դոլար կարողություն):
«Լա Նասիոն» լրատվամիջոցի հարցազրույցը Էդուրադո Էռնեկյանի հետ տեղի ունեցավ նրա գործունեության գլխավոր մասնաշենքի անձնական ճաշասենյակում, որը միացնում է Բոնպլանդ և Հոնդուրաս փողոցներում գտնվող շենքերը: Այդ նույն վայրում է տարիներ առաջ հիմնադրվել նրա ընտանեկան բիզնեսը թեթև արդյունաբերության ոլորտում, իսկ այնուհետև 90-ականներին մուլտիմեդիայի ստեղծման հիմք է դրել, որի արդյունքում թաղամասը վերանվանվել Պալերմո Հոլիվուդ: Երբ կաբելային հեռուստատեսության ոլորտի նորարար Էդուարդո Էռնեկյանը որոշեց դուրս գալ լրատվական ասպարեզից, քննադատները, պապարացիները և լրագրողները, ովքեր աշխատում էին այդ նույն շենքում, ստիպված էին լքել այն՝ տեղափոխվելով հարևան շենք: Չնայած այսօր, չվճարված գումարի պատճառով, դեռևս պահպանում է «Ամերիկա TV»-ի բաժնետոմսերի 15%-ը: Նրա խոսքով, նա կարող էր կատարել այդ վճարումը, սակայն նախընտրում է թողնել այնպես, ինչպես կա: Նրա կարծիքով, այդ փուլն արդեն ավարտված է, և ինքը գերազանց գնով է վաճառել հեռուստատեսությունը, ռադիոն և թերթը:
Այն հարցին, թե ով է նրան ավելի շատ տառապանք պատճառել՝ ղեկավարները, թե լրագրողները, Էռնեկյանը հեգնանքով պատասխանում է, որ դրանք «տարբեր տառապանքներ են», այնուհետև ավելացնում, որ եթե անգամ լրագրողներին լիարժեք ազատություն տրվի, որն այդպես էլ պետք է լինի, միևնույնն է, միշտ մնում է այն կասկածը, թե արդյո՞ք նրանք որևէ մեկի շահը չեն պաշտպանում: «Լրատվամիջոցները չի կարելի օգտագործել որևէ մեկի դեմ: Ես երբեք թույլ չեմ տվել, որ նախագահի վերաբերյալ վատ խոսեն»:
Էդուարդո Էռնեկյանը համարվում է այնպիսի գործարար, ով ամուր է կանգնած գետնին և ճանաչված է որպես օդանավակայանային խոշոր օպերատոր աշխարհում: Նա ունի 52 օդանավակայան՝ ներառյալ Պիզայի և Ֆլորենցիայի օդանավակայանները: Երկար ժամանակ է, ինչ նա զբաղվում է այս բիզնեսով, որը կարծես թե «ծերացել» է, ամեն դեպքում նա այս բիզնեսը համարում է սպառված կամ հնացած: Նա ասում է, որ եթե ինքն այդ հարցում այդքան վստահ չլիներ, չէր մտածի նոր բիզնեսի մասին, սակայն շարունակում է գործունեությունն այդ ոլորտում, քանի որ որպես օդանավակայանային օպերատոր միջազգային ճանաչում ունի:
Ճիշտ է, Կառլոս Մենեմի նախագահության ժամանակ նա չի կառուցել Անիլյակոյի թռիչքուղին: Նա կարծում է, որ տրամաբանական կլիներ կառուցել այդ թռիչքուղին, որտեղից նախագան էր օգտվում, սակայն ինքը դա չի արել:
Նա նաև զբաղվել է ֆերմերային գործունեությամբ, սակայն այժմ նրան հետաքրքրում են պատմությունն ու աստղագիտությունը, ուստի 70-ականներին փոփոխվեց նրա գործունեության բնույթը. նա մի դատարկություն զգաց, քանի որ ինքը ոչինչ չէր արել, միայն պահպանել էր 1928թ. հոր կողմից հիմնված տեքստիլի գործարանը: Մի զգացողություն ուներ, որ հայրը խելացի էր, իսկ ինքը՝ ոչ: Եվ որոշեց պայքարել ըստ իր պատկերացումների:
Ասում է, որ աշխատելու համար ավելի շատ գլուխն է օգտագործել, քան ձեռքերը, նույնիսկ երեխա ժամանակ նրան դուր էր գալիս հավաքել էլեկտրական կամ մեխանիկական իրեր: Նա հիշում է, որ զբաղմունք և համբերություն ուներ:
Մի քանի տարի առաջ ցանկանում էր դաշնամուր նվագել, սակայն նրան հիասթափեցրեց այն, որ չի կարողանում նվագել իր սիրելի մեղեդին վիրտուոզ մենակատարի պես: Եվ երբ հասկացավ, որ չի կարողանում, թողեց այն, մտածելով, չարժի ժամանակ կորցնել մի բանի վրա, որը լավ չի ստացվում, երբ իրականում կարող է անել բաներ, որոնք շատ ավելի լավ կստացվեն: Այժմ իր ազատ ժամանակը տրամադրում է արևելյան նկարազարդ նմուշներ գունավորելուն, որն էլ օգնում է մեդիտացիա անել: Իսկ մնացած ժամանակը շատ արագ է անցնում:
Այսօր Էդուարդո Էռնեկյանի կորպորացիան Հարավային Ամերիկայում նանոտեխնոլոգիայի առաջին գործարանն ունի («Ունիտեք Բլու» Չասկոմուս քաղաքում), ինչպես նաև հարևան երկրի կառավարության հրավերով ոտք է դրել Բրազիլիայի համակարգչային շուկա՝ համագործակցելով «Bendes» և «IBM» ընկերությունների հետ չիպեր արտադրելու նպատակով:
- Ինչպիսի՞ գործունեություն երբեք չի ծավալել Ձեր ընկերությունը:
- Ազարտային խաղերն ինձ բոլորովին դուր չեն գալիս:
- Քանի որ այդ բնագավառում ավելի ուժեղ խաղացողնե՞ր կան:
- Ոչ՛, դա չէ խնդիրը: Ինձ չի հետաքրքրում, նույնիսկ եթե նվիրեն: Օրինակ՝ Հայաստանն ինձ առաջարկել է, սակայն դա ինձ պարզապես չի հետաքրքրում. ես դեմ եմ մոլախաղերին:
- Իսկ Դուք չե՞ք խաղում:
- Խաղալն ինձ դուր է գալիս, սակայն չեմ կարող ասել, թե երջանկացնում է: Որպես բիզնե՛ս դուր չի գալիս: Կարծում եմ, որ խաղը չպետք է կախվածություն ստեղծի: Գումար վաստակելու այլ եղանակներ կան:
- Երբեք չե՞ք սխալվել Ձեր աշխատակիցների ընտրության հարցում:
- Ու՜ֆ: Դա անխուսափելի է, ուստի առաջին հերթին պետք է չվախենալ սխալվելուց, երկրորդ՝ պետք է ջանքերի միջոցով կարողանալ ամրապնդել սխալները: Ընկերություն բացելը շատ հեշտ է թվում, սակայն փակելու համար պետք է նաև քաջություն ունենալ:
- Ճի՞շտ է, որ նախքան նոր աշխատակից ընդունելը խորհրդակցում եք հոգեբան-ձեռագրաբանի հետ:
- Այո:
- Տալի՞ս է արդյունք:
- Ոչ միշտ, սակայն դա նշանակում է, որ հետևում եմ որոշակի մեթոդի: Քանի որ չեմ կարող բոլորից անձամբ հարցազրույց ընդունել, օգտագործում եմ այդ մեթոդը և կարծում եմ, որ ճիշտ եմ անում: Գերազանց չէ, սակայն մի ուղի է:
- Չի՞ հոգնեցնում այդքան բիզնեսներ ունենալը:
- Հոգնածություն զգում եմ այն ժամանակ, երբ որևէ անսպասելի խնդիր է ծագում, ասենք, օրինակ, անսպասելի իրադրություն ճանապարհի կեսին, որը խախտում է նախագիծը, կամ՝ քաղաքական ազդեցությունը, միջազգային խնդիրները, որոնք էլ մտահոգություն են առաջացնում: Դա նման է այն բանին, որ, ասենք, ամեն օր սար ես բարձրանում, և վերևից որմնաքարեր են նետում դեպի քեզ:
- Կարծում եմ՝ գործարարի համար պետք է որ դժվար լինի ապակենտրոնացնել աշխատանքները:
- Ոչ, այդպես չէ: Կարող ես ամեն ինչ անել, եթե լավ ես կազմակերպում: Ես մի խումբ զարմիկներ ունեմ, լավ և աշխատասեր, յուրաքանչյուրն իր գործով է զբաղվում՝ այդ գործին համապատասխան խենթությամբ և երևակայությամբ:
- Դուք նրանց հաճա՞խ եք լսում:
- Որոշ չափով՝ այո, իսկ հետո՝ ոչ, այնուհետև արտահայտում եմ իմ կարծիքը:
- Ինչպե՞ս չսխալվել վերջնական որոշում կայացնելիս, երբ այդ իրավունքը Ձերն է:
- Կա հաջողության գործոնը, որը քեզանից կախված չէ, և կա քո սեփական գործոնը: Դա արվում է ներքին զգացողությամբ, որը ես համարում եմ անձնական փորձ՝ կուտակած ծննդյան օրվանից, որն ինքնստինքյան է արտահայտվում:
- Մահ ասվածը Ձեզ անհանգստացնո՞ւմ է:
- Գեղեցիկ հարց է: Եթե ես ասեմ՝ ոչ, ապա կկարծեք, որ սուտ է, իսկ եթե ասեմ՝ այո, ապա կմտածեք, թե քաջության պակաս ունեմ: Մահը ամենամեծ բեռն է, և յուրաքանչյուր մարդու համար դժվար է այն կրելը:
- Հարցս այլ կերպ ձևակերպեմ. եթե Դուք մահից վախ չունեք, ապա ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր բիզնեսը առանց Ձեզ:
- Մտածել, թե իմ բիզնեսն առանց ինձ գոյություն չի ունենա, դա կլինի եսասիրություն, կստացվի՝ փորձում եմ ընդգծել իմ կարևորությունը, մինչդեռ դա այդպես չէ: Մենք անհրաժեշտ ենք մեկս մյուսին, երբ ողջ ենք: Երբ մեկը հնարամտությամբ և ստեղծագործ մտքով ստեղծում է դրական արժեքներ, այնուհետև եկողները զբաղվում են դրանցով: Բացի այդ, հանգամանքները շատ ավելի կարևոր են կյանքում, քան որևէ մեկը կարող է պատկերացնել: Չի կարող որևէ մեկն այնքան հզոր լինել, որ կարողանա հաղթահարել դրանք:
- Ծերությունը վախեցնո՞ւմ է Ձեզ:
- Արդեն երկար ժամանակ կլինի, որ ինձ անհանգստացնում է այս տարիքում զառամյալ չդառնալը: Ես ակտիվ եմ և փորձում եմ ստեղծել, արարել: Երբ ես զգում եմ, որ ինքս ինձ նման չեմ, փորձում եմ ինձ ուրիշների տեղը պատկերացնել: Երբ մեծանում ես, պետք է շարժվես ըստ մեթոդի, ոչ թե այնպես, ինչպես քառասուն տարեկան հասակում: Իմ տարիքում պետք է ավելի զգուշավոր լինել:
- Ինչպե՞ս են խրախուսվում Ձեր նոր գաղափարները:
- Դա մի ակտ է կամքի: Ստեղծելու համար որոշակի գիտելիքներ պետք է ունենալ: Ունենալով որոշակի գիտելիքներ՝ պետք է խորհրդակցել միևնույն գիտելիքներն ունեցող մարդկանց հետ և քննարկել դրանք: Այսպես են ծնվում գաղափարները: Ստեղծագործ միտքը ծնվում է գիտելիքից, շուկայից և, իհարկե, քո կյանքի փորձից: Շատ կարևոր է իմանալ, թե շուկան ինչ է պահանջում:
- Դուք Ձեզ համարո՞ւմ եք լավատես:
- Ընդհանրապես ես դեմ եմ լավատեսություն արտահայտելուն, քանի որ մենք արգենտինացիներս՝ թաքնվում ենք այն ամենի հետևում, ինչ ունենք՝ ապշեցուցիչ ծովափ, բացառիկ դաշտեր, բլուրներ և լեռներ, տարածաշրջանային արտադրանք և հանքարդյունաբերություն: Մեզ միայն մի բան է պակասում՝ աշխատել:
- Մենք՝ արգենտինացիներս, ծո՞ւյլ ենք:
- Ծուլությունը ծնվում է նրանից, որ մենք գերազանց վիճակում ենք. դա այդպես է: Երկիրն ամեն ինչ ունի: Ժամանակին տավարի միս էինք արտահանում, իսկ այժմ լուծումը Վակա Մուերտան է, կամ ինչպես առաջ գյուղատնտեսությունն էր, առատ բերքը: Սակայն առկա աղքատությունը չի արտացոլում երկրի հարստությունը: Այդ կեղծ վստահությունն է պատճառը, որ ինչ-որ բան սխալ է: Ո՛չ, ես լավատես չեմ, քանի որ մենք ամեն ինչ ունենք, և միայն աշխատելն է պակասում:
- Որտե՞ղ է եղել սխալը:
- Արգենտինան 1880-ից մինչև 1920թ. հսկայական փոփոխություններ է կրել: Մենք չհասկացանք պրոլետարիատ կոչվող երևույթը, և դա լուծեցինք ուժային մեթոդներով, և դա այն ժամանակահատվածն էր, որ սկսվում է 1930-ից և շարունակվում մինչև 1983-ը: 1983-ից մինչ օրս ուզում ենք փորձել ցանկացած մեխանիզմ, որը թույլ կտա մեզ վերականգնել այդ կորցրած ժամանակը:
- Արդյոք շահեցի՞նք որևէ բան:
- Ցավոք, ես պետք է ասեմ՝ ո՛չ: Կառույցների ամրապնդման փոխարեն մենք թուլացրել ենք դրանք, տեղի են ունեցել անսպասելի իրադարձություններ: Կարծում էի, որ ժողովրդավարությունն ավելի լավ կլիներ, սակայն 1983թ-ից սկսեց փլուզումը:
- Կուսակցությունները, հայտնի կառավարությունները և Լատինաամերիկյան պոպուլիստները մեր խնդիրների մեծ մասը կապում են Միացյալ Նահանգների հետ:
- Դա ձախակողմյան մի կարգախոս է, սակայն ոչ ճշմարիտ: Ես ոչ մի կասկած չունեմ, որ անտարբերություն է եղել մեր խնդիրների բուն պատճառը: Ճիշտ չէ մեր սխալները կապել ուրիշի հետ:
- Այդ ընթացքում Մերկոսուրը շնչասպառ է լինում:
- Պետք է ընդունել, որ այն ձախողվեց ինչպես մի լավ գաղափար, քանի որ չկարողացավ ընդարձակվել, չլսեց իր հզոր գործընկերներին: Խնդիրը դրվեց միայն քաղաքական շրջանակներում. արդյոք նրանք համաձայն էին, թե համաձայն չէին: Երբ խոսքը վերաբերում է հօգուտ երկրի իրականացվող ծրագրին և նրա մեծությանը, չպետք է հարց դրվի, թե արդյոք ում հետ է կամ ում հետ չէ: Ամեն ինչ բանակցություններից է ծնվում. պետք է նստել և բանակցել: Մենք կառավարության հետ համագործակցում ենք, քանի որ վերջինս մեր գործընկերն է օդանավակայանային բիզնեսում: Դա մի փաստ է, որը չի կարելի ժխտել: Նրանք կառավարում են, օրինակ, տոկոսադրույքների համարժեքությունը, որն այնքան էլ հեշտ չէ, և որը պետք է ավելի ճկուն լինի և ավելի պակաս բյուրոկրատական: Իհարկե, կառավարությունը պետք է վերահսկի և կարգավորի, սակայն հնարավորինս քիչ: Բացի դա, ով հսկում է, պետք է կարողանա դա անել:
- Ո՞րն է առաջընթացի մեխանիզմը:
- Երկիրը փոխվում և առաջ է գնում այն ժամանակ, երբ իդեալիստները գիտակցում են, որ իրենց գաղափարներն իրականացնելու համար անհրաժեշտ պայմանները կան: Կան երկրներ, որ առաջընթաց են ունենում, կան երկրներ՝ ոչ: Գործընթացներն անխուսափելիորեն չեն ավարտվում պատմության ընթացքում, դրանք հաղթահարվում են տնտեսական փուլերով, որն էլ իր հերթին ստեղծում է անհրաժեշտ պայմաններ սոցիալական փոփոխությունների համար:
- Ի՞նչ է տեղի ունենում, երբ Ձեր զրուցակիցները պատրաստ չեն լինում բանակցություն վարելու Ձեզ հետ:
- Մարդու միտքը իր բանականությունից առաջ է: Անհնար է դիրիժոր լինել առանց իմանալու գործիքներն ու նոտաները: Չեմ ուզում, որ սա լինի մի երկիր, որը չունենա ոչ սահման, ոչ օրենք, ոչ էլ ազատությունը երաշխավորող Սահմանադրություն:
- Միգուցե ցանկություն կա որոշակի բաներ վերանայելու, սակայն չի արվում ոչ թե վախի, այլ հարմարությա՞ն համար:
- Եթե ես լրջորեն ինչ-որ բան պետք է վերլուծեմ, որի հետ համաձայն չեմ, այն չեմ քննարկում կառավարության հետ, այլ դա անում եմ գործարարների շրջանակում, ինչպես Արգենտինայի առևտրաարդյունաբերական պալատը: Այնտեղ ազատ արտահայտում ենք այն, ինչ մտածում ենք: Սկզբում վերլուծում ենք, թե այն, ինչ առաջարկվում է, արդյոք օրենքի շրջանակներո՞ւմ է, և երկրորդ՝ պետք է հարգել բոլորին:
- Չպե՞տք է պայքարի մեջ մտնել կառավարության հետ:
- Դա մեր գործունեության մեջ չի մտնում: Ապագայի մասին ենք խոսում. անհնար է հավատալ, որ որևէ թեկնածու, որն ընտրություններում կարող է հաջողություն ունենալ և չունենալ ժողովրդական պատկեր, հրապարակայնություն և ինտեգրում աշխարհի հետ:
- Քաղաքական կուսակցությունները ընտրություններից առաջ խոստանում են ավելին, քան իրականում անում են:
- Նկատի ունեք, որ փոփոխության ժամանակը դեռ չի՞ եկել, սակայն կգա այդ ժամանակը: Բացի այդ, ի՞նչ կարելի է անել. հանել զենքե՞րը, դուրս գալ պայքարի՞, տաք վառելանյութով սպասել, թե երբ են անցնելու նրանց կողմնակիցնե՞րը…
- Այս երեք տասնամյակների ընթացքում որևէ բան փոխվե՞լ է:
- Այո, հասարակությունը դասեր չի քաղում անցյալի սխալներից՝ ապագայում դրանցից խուսփելու համար, չկան հաղթանակներ, փոխարենը պարտություններ են: Մինչդեռ եթե մենք սովորեինք մեր սխալների վրա, հաղթած կլինեինք անցած երեք տասնամյակներում:
- Ի՞նչ է փողը Ձեզ համար:
- Ինձ համար աշխատանքի արդյունք է, ինչը թույլ է տալիս զարգացնել երևակայությունս ստեղծագործելու համար: Բարեբախտաբար, որպես գործարար՝ ժամանակի ընթացքում հայտնաբերեցի, որ եթե ես ստեղծագործող և ճարտարամիտ չլինեմ, ապա ամեն ինչ կկորչի: Պետք է լինել զգոն, ակտիվ և ձգտել գերազանցության: Փողը չպետք է քեզ առաջնորդի:
- Հնարավո՞ր է լինել միլիոնատեր և միևնույն ժամանակ՝ խնայող:
- Այո՛, ինչո՞ւ ոչ: Դժվար է խոսել դրա մասին, սակայն ես ոչ մի կախվածություն չունեմ փողից: Նույնիսկ չկասկածեք. եթե անհրաժեշտ լինի հատակը ավլել, ապա չկասկածեք, որ ես դա կանեմ շատ արդյունավետ:
- Ձեր պլաններում ո՞րն է հաջորդը:
- Չգիտեմ: Տեսնենք:
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մասնագիտությունը՝ գործարար
Տարիքը՝ 81
Գրեթե չկա այնպիսի մի գործունեություն, որը խորթ լինի պարոն Էռնեկյանին, բացառությամբ ազարտային խաղերի: Նրա գործունեության ոլորտներն են՝ Ճանապարհաշինարարական աշխատանքներում՝ մոտ 1200 կմ երկարությամբ երթուղային ճանապարհների կոնցեսիոներ, 100.000 հեկտար հողատարածք, գինեգործարաններ, էներգետիկ ընկերություններ, հողմակայաններ, 52 օդանավակայանի կառավարում:
ՊԱՀԵՐ
Ծանրաբեռնված շներ
Էռնեկյանին դուր են գալիս շները: Սովորաբար նրանց կոչում է այդ պահին ամենաշատը աչքի ընկնող քաղաքական գործիչների անուններով: Նույնիսկ գործածում է հարևան երկրների ղեկավարների անունները: Ունեցել է որսկան շներ, որոնց անունները եղել են Լուլա կամ Տաբարե: Այն ժամանակ, երբ Էկոնոմիկայի նախարարը Դոմինգո Կավալոն էր, Էռնեկյանը շուն ուներ, որին անվանում էր Մինգո: Մի անգամ, երբ հայտնի տնտեսագետն իր հյուրն էր, Էռնեկյանը հայտնվում է մի տհաճ իրավիճակում. մոռանալով հյուրի մասին՝ նկատողություն է անում Մինգոյին:
Էռնեկյանն ասում է, որ երբ «Կլարին» խմբի և կառավարության միջև լարված իրավիճակ էր սկսվել, նա իր շներից մեկին անվանեց թերթի անունով: Այնուհետև զգաց, որ ճիշտ չի արել. հնարավոր է՝ ինքը կամ իր օգնականները դուրս գան այգի շանը փնտրելու և կանչեն՝ Կլարի՛ն, Կլարի՛ն…
Մանրամասներ. Օլիվոսում Էռնեկյանի հարևանությամբ բնակվում է «Կլարին» թերթի տնօրեն Էռնեստինա Էռերա դե Նոբլեն: Ուստի նա ստիպված էր այդ շանը ուղարկել հեռու՝ իր հողատարածքներից մեկը: